Հայկական ժողովրդական երգեր .Այսօր տօն է Սուրբ Ծննդեան
Այսօր ձեզ ներկայացնելու ենք Սուրբ Ծննդեան տօնին նուիրուած հայ ժողովրդական աւետիսներից մէկը։ Չափազանց գեղեցիկ են եղել մեր հնագոյն աւանդոյթները, որոնք յարատեւել են մինչեւ խորհրդային տարիները։ Այդ աւանդոյթներից մէկն էլ եղել է մի շարք տօների, եւ յատկապէս Սուրբ Ծննդեան ժամանակ, պատանիների կողմից խմբեր կազմելը և շրջելը տնէ տուն, երգերով Սուրբ Ծննդեան բարի լուրը փոխանցելը համագիւղացիներին։
Այդ աւետիսներից մէկն էլ սա է, որտեղ նախ ասւում է, որ այսօր տօն է Սուրբ Ծննդեան, մեր Տիրոջ յայտնութեան օրն է, որի առթիւ առաջարկւում է բերել շարոց ու պաստեղ (հայ աւանդական քաղցրաւենիքներ) եւ բաշխել մեր քոյրերին ու եղբայրներին, մեր մանչերին ու դուստրերին՝ գցելով տօնական սեղան։
Իսկ այդ տօնի առիթն է այն, որ «Մարիամ գնաց դուռն վերին, ծնաւ, բերաւ Յիսուս Որդին»։ Ահա, այսպիսի պարզ խօսքերով, գեղեցիկ մեղեդիներով երգուել են աւետիսները՝ տօնական ցնծութիւնը հաղորդելով միւսներին։
Երգը ներկայացնում ենք «Գորանի» համոյթի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ